Դատարկությունից մտքեր եմ քամում,
Որ էությունս սնեմ նոր շնչով,
Սև ագռավներն են վեր սլանում,
Անոթի, ծարավ, դեպ երկինքը մով:
Դեռ պիտի լսեմ կռռոցը նրանց,
Որպես մեղադրանք իմ սնանկության,
Իսկ ինչ ես ունեի, որ բաշխեի նրանց,
Լոկ զրնգոցն իմ տկար էությա՞ն։
Դեռ պիտի չվեն սրատես հավքեր,
Որ գտնեն կորսված, ավեր հանգրվան,
Սրընթաց իջնեն, աչքերը հանեն,
Ու գոհ, հագեցած կրկին հեռանան:
Իսկ ես կմնամ անտես մի ավար,
Ինքնակեր երախ, ինքնամարս մարմին,
Թե դուք մոտենաք' լուռ կանհետանաք,
Սև անցքի միջով դեպ խավարն անդին:
Ու ձեզ չի փրկի լույսը հրեղեն,
Կանթեղը սիրո, ոգին հավատքի,
Իմ դատարկությամբ պիտի պարուրեմ,
Տիեզերքն այս՝ ի դեմս հին տառապանքի: